ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Հայ շինարարը քննություն է բռնել դարերի ընթացքում»

«Հայ շինարարը քննություն է բռնել դարերի ընթացքում»
11.08.2009 | 00:00

«ՇԻՆԱՐԱՐԸ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է»
Նախորդ աշխատանքային շաբաթվա վերջին` օգոստոսի 7-ին, «Արմենիա-Մարիոթի» սրահը հյուրընկալել էր շինարարներին, ովքեր եկել էին նշելու իրենց մասնագիտական տոնը։ Գավաթների զրնգոցի ներքո հնչեցին ոչ միայն շնորհավորանքներ, այլև եղան պարգևատրումներ։ Այստեղ էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ և այլ պաշտոնյաներ։ Որքան էլ օրը տոնական էր, և միջոցառումը` բարձրաշխարհիկ, մենք, այնուամենայնիվ, մեր զրուցակիցների հետ թեմատիկ զրույց ունեցանք։ Առաջին զրուցակիցս վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ էր, որին խնդրեցի բնութագրել` ո՞րն է հայ շինարարի առանձնահատկությունը։
-Հայ շինարարը բազմաթիվ լավ հատկություններ ունի։ Առաջինը` մեր շինարարները մի մեծ ժառանգության շարունակողն են, ժառանգություն, որի նմուշները սփռված են աշխարհով մեկ։ Եվ աշխարհի տարբեր երկրներում մենք հայտնաբերում ենք հայ շինարարի թողած ժառանգություններն ու հպարտանում ենք դրանցով։ Շինարարն այն մարդն է, որն ապահովում է հայկական շարունակականությունը և հայկական ինքնության մեջ իր ուրույն տեղն ունի։ Երկրորդ` հայ շինարարը քննություն է բռնել դարերի ընթացքում։ Դրա վառ վկայությունն այն է, որ դարեր շարունակ հայ շինարարի կառուցած կոթողները պահպանվել են։ Եվ ոչ միայն մենքենք հպարտանում դրանցով, այլ նաև ճարտարապետությանը նվիրված բազմաթիվ գրքերում միշտ մատնանշվում է այդ ժառանգությունը, որովհետև ճարտարապետության մեջ իր ուրույն ձեռագիրն ունի։ Երրորդ` միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ դարերի ընթացքում հայ շինարարը կատարելագործվում է։ Այսօրվա շինարարները տիրապետում են ժամանակակից մեթոդներին, մոտեցումներին, և շատ ոլորտներում մենք մեր խոսքն ենք ասել նորամուծությունների, նոր տեխնոլոգիաների կիրառման առումով։ Դա հույս է ներշնչում, որ ապագա ունենք այս ոլորտում։
Մեր երկրում ոչ միայն նոր թափ է առնում բնակշինարարությունը, այլև ոլորտային շինարարությունը, և պաշտպանության նախարարության պատվիրած կառույցներն այս առումով դրա վառ վկայությունն են։ Որքանո՞վ են այդ շինարարական աշխատանքները որակյալ իրականացվում, փորձեցինք ճշտել ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՑ։
-Նախ` կցանկանայի շնորհավորել մեր շինարարներին իրենց մասնագիտական տոնի առթիվ։ Ե՛վ ԼՂՀ-ի պաշտպանության նախարար եղած ժամանակ, և՛ այժմ` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, միշտ ասել և նշում եմ, որ բանակի կայունությունն անհնար է պատկերացնել առանց կապիտալ շինարարության, քանի որ զինվորականների բնակապահովման խնդիրն առաջնային է և շատ կարևոր սոցիալ-հոգեբանական առումով։ Այս խնդրի լուծումը նպաստում է, որ զինծառայողներն ավելի հանգիստ կատարեն իրենց պարտականությունները, ինչն, իր հերթին, նպաստում է բանակի կայունությանը։ Իսկապես, մենք շատ ենք առնչվում շինարարության ոլորտի հետ։ Եվ հայ շինարարները միշտ էլ առանձնացել են իրենց վարպետության մակարդակով, ճարտարապետական առանձնահատուկ լուծումներով, ներքին հարդարման ու կահավորման որակական բարձր հատկանիշներով։ Այդ բոլոր գործոնները նկատելի են։ Իհարկե, լինում են նաև թերացումներ աշխատանքի ընթացքում, որոնց դեպքում մենք ցուցաբերում ենք խստապահանջություն, սկզբունքայնություն, և ժամանակին թերությունը վերացվում է։ Ինչ վերաբերում է հայ շինարարի առանձնահատկությանը, ապա նա պետք է լինի սկզբունքային և հոգատար։
-Պե՛տք է, բայց արդյո՞ք այդպիսին է։
-Եթե չլինի հոգատարություն, ապա չեն լինի որակյալ նախագծման, բարեկարգման աշխատանքներ։
-Պաշտպանության նախարարի պաշտոնն այնպիսին է, որ յուրաքանչյուրի պարտադրում է զգաստություն նրա հետ շփվելիս։ Ասում են` վախենում է, ուրեմն, հարգում է։ Այս դեպքում շինարարները Ձեզ հետ շփման ժամանակ համարձա՞կ են։
-Ընդհանուր առմամբ, ոչ միայն շինարարների, այլև ցանկացած մարդու հետ շփման ընթացքում ձգտում եմ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ նրանք, հատկապես իրենց մասնագիտական, աշխատանքային առաջարկների մեջ համարձակ լինեն։ Դա շատ կարևոր է։ Ես չեմ կարող տիրապետել բոլոր բնագավառների նրբերանգներին` կարող եմ վերահսկողություն իրականացնել։ Իսկ յուրաքանչյուր մասնագետ տիրապետում է իր ոլորտի խնդիրներին և նրբություններին։ Պետք է թույլ տալ, որ մասնագետը արտահայտվի, ոչ համարձակ մասնագետը չի կարող լավ աշխատանք կատարել։
Շինարարության որակի ապահովումը հատկապես սեյսմիկ տեսակետից վտանգավոր երկրներում ավելի է կարևորվում։ Այս առումով հետաքրքրական էր արտակարգ իրավիճակների նախարար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ տեսակետը։
-Հայն իր բնույթով շինարար է։ Այս խոսքերի մեջ խոր իմաստություն կա։ Երբ հետևում ենք մեր ժողովրդի ապրելակերպին, գործողություններին, ապա նկատվում է նրա կառուցելու ցանկությունը, ինչը գալիս է ոչ թե գիտակցությունից, այլ գեներով։ Ինչ վերաբերում է շինարարության որակին, ապա վերջին տարիներին ոլորտն ընդլայնվում է, խոշոր ծրագրեր են իրականացվում, և շինարարությունը մեր տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է հանդիսանում։ Արտակարգ իրավիճակների տեսանկյունից վերջին տարիներին շինարարությունն ավելի է համապատասխանում անվտանգության ապահովման չափանիշներին։ Շատ կարևոր է, որ կառուցվող շենքերի սեյսմակայունությունը սահմանված է մինչև 9 բալ` նախկինում գործող 7-8-ի դիմաց։ Շինարարության ոլորտում, ինչպես և ամեն բնագավառում, կան և՛ խնդիրներ, և՛ ձեռքբերումներ։ Սակայն, ամբողջացնելով խոսքս, ևս մեկ անգամ կցանկանայի շեշտել, որ շինարարը մեր ժողովրդի արյան մեջ է։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2621

Մեկնաբանություններ